Thursday, January 28, 2016

Գուրգեն Մահարի

Գուրգեն Գրիգորի Մահարի, հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1965 թ.), 1934 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ։
Մահարին ծնվել է 1903 թվականի օգոստոսի 1-ին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» դպրոցներում։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց ցեղասպանությունըապրել է սովորական կյանքով։ 1915 թվականի կոտորածների ժամանակ գաղթել է Արևելյան Հայաստան։ Սակայն երբ թուրքերը հարձակվում են Վանի վրա, նրանք, փրկվելով կոտորածից, կռվում են մինչև ռուսական զորքի ժամանելը, սակայն ռուսական զորքը նահանջում է, և նրանց հետ նահանջում են նաև հայերը։ Ճանապարհին նա կորցնում է իր հարազատներին և այլ փախստականների հետ փախչում Արևելյան Հայաստան։ Այստեղ Մահարին մեծանում է Երևանի ու Դիլիջանի որբանոցներում և սովորում ԵՊՀ-ի պատմագրական ֆակուլտետում[1]։ Մի քանի տարի անց նա գտնում է իր կորած մորը և մյուս հարազատներին, սակայն իմանում է նաև, որ տատը մահացել է գաղթի ճանապարհին։ Հետագայում նա տատի մասին պատմել է իր «Մանկություն» վիպակում։
Որբանոցներից մեկում նա ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ, և սկսվել է նրա ստեղծագործական կյանքը։ 1918 թվականից բանաստեղծություններ է տպագրել «Աշխատանք», «Վան-Տոսպ» և այլ թերթերում։ Մահարին որբանոցից հետո կյանքի հետագա թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ Սակայն նրա գրական գործունեությունը ընդհատվում է 1936 թվականին, քանի որ անհիմն մեղադրանքով, ստալինյան ռեպրեսիայի արդյունքում, նա աքսորվում է։
1953 թվականին նա վերադառնում է Երևան և գրում իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը և «Այրվող այգեստաններ» վեպը։
Մահարին մահանում է 1969 թվականի հունիսի 17-ին Լիտվայի Պալանգա առողջարանական քաղաքում։

«Ծաղկած փշալարեր»

Մահարու «Ծաղկած փշալարեր» վեպում ներկայացվում է ճամբարային կյանքը։ Երեսնական թվականներին Խորհրդային Միությունում միլիոնավոր անմեղ մարդիկ աքսորվեցին դեպի հյուսիս, դեպի սիբիրյան տայգաները։ Այդ ձևով Ստալինը և իր զինակիցները, որոնց մեջ չարագուշակ դեր էր կատարում հատկապես Լավրենտի Բերիան՝ ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմը (կամ այսօրվա բառով՝ նախարարը), ամրապնդում էին իրենց իշխանությունը։ Աքսորվածների մեջ էին բանվորներ, գյուղացիներ, պետական և կուսակցական աշխատողներ, գրողներ, արվեստագետներ, գիտնականներ։
Սիբիրում նրանց պահում էին հատուկ ճամբարներում, որոնք շրջապատված էին փշալարերով և պահպանվում էին զինվորականների կողմից։ Այդ ճամբարների համակարգը կոչվում էր Գուլագ՝ «Главное управление лагерей» (ճամբարների գլխավոր վարչություն)։ Ստալինի մահից հետո շատ գրքեր գրվեցին ճամբարային կյանքի մասին՝ և Ռուսաստանում, և խորհրդային մյուս հանրապետություններում։ Հայաստանում ևս գրվեցին այդպիսի գրքեր, որոնց մեջ հատկապես հայտնի դարձան Մկրտիչ Արմենի պատմվածքները՝ «Պատվիրեցին հանձնել ձեզ» ընդհանուր վերնագրով։ Մահարին էլ պատմվածքներ գրեց սիբիրյան կյանքի մասին։ Բայց հայ գրականության մեջ ճամբարային կյանքի պատկերը ամենից ամբողջական ներկայացվեց «Ծաղկած փշալարեր» վեպում։
«Ծաղկած փշալարերը» ևս ինքնակենսագրական երկ է, ինչպես նախորդ երեք վիպակները։ Առհասարակ, Մահարու համար իր արձակի գլխավոր ատաղձը սեփական տպավորություններն են, այսինքն՝ նրա արձակը գերազանցապես ինքնակենսագրական է։ Մահարին այս վեպում էլ, ինչպես եռագրության մեջ, պատմում է առաջին դեմքով, հերոսների անունները չփոխելով։

No comments:

Post a Comment