Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու դոկտորի» տիտղոս է շնորհել։
Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով եպիսկոպոսի որդին էր։ Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։ Ուսումը ստանալուց հետո Գրիգորը վարդապետ է ձեռնադրվում նույն Նարեկա վանքում և ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։ Հայտնի է նաև, որ մեծ հռչակ վայելող Նարեկացին ունեցել է նաև թշնամիներ՝ հոգևոր դասի բարձր շրջաններից։ Նա ինչ–ինչ պատճառներով մեղադրվել, և անգամ հոգևոր դատարան է կանչվել։ Ենթադրվում է, որ Նարեկացին հալածվել է Թոնդրակեցիների աղանդին պատկանելու կամ հարելու համար (Ըստ որոշ ուսումնասիրողների, կաթողիկոսի կողմից իբրև թոնդրակեցի է բանտարկվել Նարեկացու հայրը։ Թոնդրակեցիությանը հարելու մեջ կասկածվել է նաևԱնանիա Նարեկացին)։
Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։ Ըստ ավանդույթի Նարեկացիցն ճգնել է ներկայումս իր անունը կրող քարայրում։
Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։
Նարեկացու՝ մեզ հասած գրական ժառանգության կարևորագուն ստեղծագործությունը «Մատյան ողբերգության» պոեմն է։ «Մատյան ողբերգության» պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Պոեմը ամփոփում է այն լավագույնը, ինչ ստեղծել է հայ քերթողական միտքը հնագույն ժամանակներից մինչև 10–րդ դարը։ Պոեմը բաղկացած է 95 գլխից։ Ժանրային առումով այն քնարական–հոգևոր է։ Հայտնի չէ, թե քանի տարի է գրվել պոեմը, սակայն ավարտվել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1002 թվականին։
Պոեմը հայտնի է «Նարեկ» անունով։ Տարբերվելով քնարական պոեմների մյուս հեղինակներից՝ Նարեկացին բոլորովին չի օգտագործել պատմողական սյուժեի տարրեր։ Բայց պոեմն էապես ունի իր սկիզբն ու վախճանը, ներքին գարգացման կուռ միասնությունն ու ամբողջականությունը։ Պոեմում խտացված են բանաստեղծի ողբերգական ապրումները, տարակույսները, թե ինքը կարո՞ղ է միանալ Աստծուն։ Նա տարակուսում է, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։ Բանաստեղծն իրեն է վերագրում մեղքեր ու հանցանքներ, դատապարտում այն բոլոր բացասականը, ինչ դիտել է մարդկային կյանքում ու իրականության մեջ։
Նա գտնում է, որ մարդկային ծնունդներից ոչ ոք իր չափ մեղավոր չի եղել, որովհետև չի կարողացել մտքի երիվարը բանականության սանձով կանգնեցնել և, «... մութ խորհոլրդների միջից սլանալով», մարդկանց գործած բոլոր հին չարիքներին նորերն է ավելացրել։ Նույնիսկ արարչի դեմ նենգավոր է գտնվել, ըմբոստացել, աստվածամարտ մտածումներ է ունեցել ու չի վախեցել նրա սպառնալիքներից։ «Մատեան ողբերգութեան» մեջ նա ասում է.
No comments:
Post a Comment