Monday, February 2, 2015

Մարքեթինգ

Ես կարծում եմ, որ մարքեթինգի հիմնական խնդիրը ոչ այնքան վաճառելն է, որքան այնպիսի ապրանքի ստեղծումը, որն ինքն իրեն կվաճառվի:

Ֆիլիպ Կոտլեր

Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհը փոխվել է տեխնոլոգիաների էվոլյուցիայի շնորհիվ: Շատ տարիներ առաջ ինդուստրիալ հասարակարգում գլխավոր տեխնոլոգիան արդյունաբերական սարքավորումներն էին, իսկ մարքեթինգի էությունը հետևյալն էր՝ ապրանքները վաճառել որոշակի շուկայում առանց սպառողների կարիքներն ու պահանջմունքները հաշվի առնելու: Սա, ըստ Կոտլերի, Մարքեթինգ 1.0-ի կամ էլ ապրանքակենտրոնացման դարաշրջանն է։ Վերջինս իր բնութագիրն է գտել Հենրի Ֆորդի հայտնի արտահայտության մեջ՝ «Յուրաքանչյուր հաճախորդ կարող է իրեն դուր եկած ցանկացած գույնի մեքենա պատվիրել այն պայմանով, որ այդ գույնը սևն է»: Այս շրջանում մարքեթինգ էր կոչվում ապրանքը վաճառելու, համոզելու, երբեմն նաև խաբելու ունակությունը:

Ժամանակակից աշխարհում էական դերակատարություն ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները, իսկ մարքեթինգի խնդիրն արդեն այդքան պարզ չէ: Սպառողները տեղեկացված են, կարող են համեմատել նման ապրանքները, որոշել այս կամ այն ապրանքի օգտակարությունը: Հետևաբար մարքեթինգի խնդիրն է սպառողների չբավարարված պահանջմունքների ու ցանկությունների որոնումը: Սա էլ Մարքեթինգ 2.0-ի կամ հաճախորդակենտրոնության դարաշրջանն է։

Այստեղ գերիշխողը օր օրի զարգացող տեղեկատվական նոր տեխնոլոգիաներն են, որոնք ստեղծում են սպառողների հետ հաղորդակցության նոր ու ժամանակակից ուղիներ, որոնց մասին մի առիթով խոսել է Կոտլերը. «Մարդիկ հետզհետե ավելի զբաղված են դառնում, նրանց գտնելը դժվարանում է: Գնորդներն էլ դառնում են ավելի տեղեկացված ու հասկացող… Մասսայական մարքեթինգի ինքնարժեքն անընդհատ բարձրանում է, իսկ արդյունավետությունը՝ նվազում. ավելի քիչ մարդիկ են ուշադրություն դարձնում հեռուստագովազդին, հեռուստաընկերություններն էլ բարձրացնում են գովազդի գինը: Սա, ի վերջո, կդրդի մարքեթոլոգներին գտնել գովազդի տարածման ավելի արդյունավետ միջոցներ: Գովազդն արդեն հայտնվում է ամենուր՝ մարզական միջոցառումների ժամանակ սպորտային մեքենաների վրա, ֆիլմերում, վերելակներում ու լցակայաններում տեսագրությունների տեսքով, գրքերում: Զարգանում է բջջային գովազդը: Վերջերս անցնում էի առևտրի կենտրոնի կողքով ու բջջայինով տեղեկատվություն ստացա այդտեղ գործող զեղչերի մասին: Նման մարքեթինգն ինձ դուր չի գալիս. այն միջամտություն է իմ անձնական կյանքին, բայց սպառողների հետ կապի այս միջոցը հետզհետե կզարգանա»:

Ըստ Կոտլերի՝ առջևում Մարքեթինգ 3.0-ի կամ մարդկային մարքեթինգի  դարաշրջանն է: Ահա ապագայի մարքեթինգը: Մարքեթինգ, որը սպառողներին կվերաբերվի ինչպես մարդկանց, ովքեր ակտիվ կենսադիրքորոշում ունեն, ձգտում են ինչ-որ բանի ու ցանկանում են ստեղծագործել: Կգա, այսպես կոչված, «մասնակցության դարաշրջանը», երբ յուրաքանչյուր սպառող կցանկանա մասնակցել ապրանքի ստեղծմանը, կձգտի արտահայտվել, օգտվել հետադարձ կապից: Նա պե՛տք է ունենա այսպիսի հնարավորություն: Նա կպահանջի ոչ միայն սովորական կարիքների ու պահանջմունքների, այլ նաև ամենախորը հույզերի ու ցանկությունների բացահայտում ու բավարարում: Սպառողը կպահանջի իր ստեղծարարության գնահատում:

Մարքեթինգ 3.0. սա է այն տեսությունը, որը համաշխարհային մարքեթինգի գուրու, «Մարքեթինգի վաստակավոր ուսուցիչ» ճանաչված, 100-ից ավելի մարքեթինգային հոդվածների, տասնյակ գրքերի հեղինակ Ֆիլիպ Կոտլերը ներկայացնում է վերջին տարիներին տարբեր երկրներում կայացած ու մոտ ժամանակներս Հայաստանում կայանալիք դասախոսությունների ընթացքում:

No comments:

Post a Comment